AM
4 Նոյեմբեր 2011 - 13:36 AMT

Հայաստանը կարեւորում է ապակենտրոնացված համագործակցությունը Լեհաստանի շրջանների հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Լեհաստանի Վելիկոպոլսկայի վոյեվոդության մարշալ, Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի բյուրոյի անդամ Մարեկ Վոզնյակի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Լեհաստանի խոշորագույն ռեգիոններից մեկի` Վելիկոպոլսկայի վոյեվոդության (կենտրոնը` Պոզնան) միջեւ համագործակցության հնարավորությունները:

Մ. Վոզնյակը նշեց, որ իրենց կողմից մեծ նշանակություն է տրվում միջազգային գործակցությանը, եւ Վելիկոպոլսկայի վոյեվոդությունն արդեն իսկ շատ ակտիվ եւ բազմակողմ համագործակցություն է ծավալում մի շարք երկրների ռեգիոնների հետ: Նա ավելացրեց, որ հետաքրքրված են նաեւ Հայաստանի հետ կապերի ստեղծմամբ:

Փոխվարչապետը ողջունելով նման մտադրությունը` նշեց, որ Հայաստանը նույնպես կարեւորում է ապակենտրոնացված համագործակցությունը, ինչը հնարավորություն է ստեղծում նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Երկու երկրների տարածաշրջանների միջեւ արդեն առկա է համագործակցության փորձ, որը հետագա գործակցության ընդլայնման նախադրյալներ է ստեղծում:

Նշվեց, որ նոր կապերի հաստատման արդյունավետ հարթակ կարող է լինել Եվրոպական ռեգիոնների ասամբլեան, որի անդամ են նաեւ Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերը: