AM
5 Նոյեմբեր 2011 - 09:18 AMT

Սլավոնական համալսարանում բացվեց հայ պատմագրությանը նվիրված գիտաժողով

Այսօր` նոյեմբերի 5-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում մեկնարկեց «Ե (5-րդ) դարի հայ պատմագրությունը» միջազգային երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպել են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի և Օքսֆորդի համալսարանի արևելագիտության բաժինը: Գիտաժողովին մասնակցում են ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնից, ՀՌՀ-ից, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից, Օքսֆորդի, Կալիֆորնիայի Լոս Անջելեսի (UCLA) , Փարիզի, Ժնևի համալսարաններից անվանի գիտնականներ: Զեկուցումները նվիրված են 5-րդ դարի հայ պատմագրության կարևորագույն խնդիրներին:

Գիտաժողովի հյուրերն են Թեո վան Լինտը Օքսֆորդի համալսարանից, ով ներկայացնելու է «Առաջին շրջանի պատմագրությունը Գրիգոր Մագիստրոսի երկերում» զեկույցը, Պիտեր Քաուին Կալիֆորնիայի Լոս Անջելեսի (UCLA) համալսարանից իր «Կորյունի պատմությունը և նրա ստեղծման հանգամանքները» զեկույցով և Վալենտինա Կալցոլարին Ժնևի համալսարանից, ով ներկայացրեց «Ագաթանգեղոսի «Պատմությունը» կամ պատմությունը` իբրև ժառանգություն» թեմայով զեկույցը: Գիտաժողովին պետք է մասնակցեր նաև Ջուսթո Տրաինան Փարիզի համալսարանից, սակայն նա ներկա չի լինելու, նրա «Հայ պատմագրությունը 5-րդ դարում. Դասական մոտելներն ու նորարարությունները» զեկույցը կընթերցվի: