AM
8 Նոյեմբեր 2011 - 09:47 AMT

Իրավաբան. Թռչկանի ՀԷԿ-ի շինարարությունը թույլատրած պաշտոնյաները պետք է պատասխան տան

Թռչկան ջրվեժի փրկության հարցը լուծված է, սակայն դեռ կան պահպանման և զարգացման հարցեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամ Արման Վերմիշյանը և հավելեց, որ իրենք վերապահումով են ասում «փրկված», քանի որ դեռ պետք է որշում կայացվի ու հողերի կատեգորիան փոխվի:

«Մեր նախաձեռնությունը դեռ շատ անելիքներ ունի` ոչ միայն Թռչկանի, այլ Հայաստանի ողջ բնության պահպանման հարցում: Սա աննախադեպ երևույթ էր մեզանում` անկազմակերպ, բայց հրաշալի կազմակերպված նախաձեռնություն»,- ասաց Արման Վերմիշյանը:

«Թռչկան ջրվեժը չունի անձնագիր: Անձնագրով է սահմանվում նրա հատուկ սահմանվող ռեժիմը: Այն 2004 և 2008 թվականներին 2 անգամ ճանաչվել է հատուկ պահպանվող տարածք: Մեր ակցիաներից հետո վարչապետը 3-րդ անգամ է ուզում Թռչկանին տալ հատուկ պահպանման ռեժիմ: Ի՞նչ է ստացվում` 3-րդ անգամ ենք Թռչկանին կարգավիճակ տալիս, բայց սայլը տեղից չի շարժվում»,- իրավաբանորեն մոտենալով հարցին` ասաց իրավաբան, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամ Մերի Խաչատրյանը:

Նա նշեց, որ իրենց կարծիքով պետք է օրենքի առաջ պատասխան տան բոլոր այն պաշտոնյաները, որոնք օրենքի ակնհայտ խախտումներով «Ռոբշին» ընկերությանը թույլատրել են շինարարություն իրականացնելը:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենԿարեն Մանվելյանն իր խոսքում նշեց, որ Թռչկանի տարածքում տարված սխալ աշխատանքների պատճառով Չիչխան գետի հարակից տարածքներում առաջացել է սողանքի վտանգ, որը ավելի ակնհայտ կլինի գարնանը:

«Մեր բիզնեսը ոչ մի ուրիշ բան չի ճանաչում, բացի փողի քսակից»,- իր հերթին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը` նշելով, որ մենք դեռևս առաջնորդվում ենք նեոլիբերալիզմի սկզբունքով, թեև ողջ աշխարհն արդեն իսկ շրջվել է դեպի կանաչ աշխարհ: