Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու ներկայացուցիչները և միջազգային ճանաչում ունեցող լանդշաֆտային ճարտարապետները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին ներկայացրել են Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծի նախագիծը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով 70-ամյա կենդանաբանական այգու դերը որպես երևանցիների ժամանցի հաճախելի և սիրված վայր, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նոր լուծումների, ենթակառուցվածքների ներդրման և այդչափ ինքնատիպ ձևավորման պարագայում Երևանի կենդանաբանական այգին կդառնա նաև կրթադաստիարակչական և բնապահպանական ակտիվ գործող կենտրոն:
«Մենք ուզում ենք բարեփոխումներ և աշխատանքների որակական փոփոխություններ տեսնել: Զարգացման ծրագրերին զուգահեռ նախատեսում ենք նաև Կենդանաբանական այգում ներդնել կառավարման նոր ձև, որը կնպաստի հնարավոր ներդրողների հետ ավելի արդյունավետ աշխատելուն», – հավելել է Տարոն Մարգարյանը: Հյուրերը շեշտել են, որ Երևանի կենդանաբանական այգու ռելիեֆային առանձնահատկությունը և կենդանական ու բուսական բազմազանությունը ինքնին մեծ հնարավորություն են ծրագիրը հաջող իրականացնելու համար:
«Տարածաշրջանը կարիք ունի նման ծրագրերի իրականացման. եթե Երևանը գերազանցի իր «Մաստեր պլանով», ապա բավականին առավելություն կունենաք»,- նշել է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը՝ ներկայացված նախագիծը գնահատելով տնտեսական տեսանկյունից:





