AM
12 Նոյեմբեր 2011 - 08:18 AMT

Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերում

Վազգեն Սարգսյան անվան ռազմական ինստիտուտում տեղի է ունեցել «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» եզրափակիչ փուլը:

Խաղերի ծրագրում ընդգրկված էին նռնակի նետում, ձգումներ պտտաձողից, 1000 մետր կրոսավազք, հրաձգություն` օդամղիչ հրացանով, ինքնաձիգի քանդում-հավաքում, փոխանցումավազք 8 կգ-ոց ուսապարկով (4×100մ) մարզաձևերը:

Հաղթողի կոչումը նվաճել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը , իսկ երրորդը` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի № 1 միջնակարգ դպրոցի թիմը: Թիմերը պարգևատրվել են հավաստագրերով, գավաթներով և հուշանվերներով, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Խաղերը մեկներկել են սեպտեմբերի 11-ին Հայաստանի 38 տարածաշրջաններում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում և անցել են 4 փուլերով` ներդպրոցական առաջնություններ, տարածաշրջանային և Երևան քաղաքի վարչական շրջանների մրցումներ :

Ռազմամարզական խաղերն անցկացվում են 2004 թվականից: 2010 թ.-ին մասնակցել են 25.460 հոգի, իսկ այս տարի` 30.751: