«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մեկնաբանությունն ի պատասխան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից հրապարակած տեղեկատվությանը: «Ի պատասխան «Չենք լռելու» երիտաարդական նախաձեռնության կողմից օրերս հրապարակած տեսանյութի հայտնում ենք, որ Երևանի կենտրանական երկաթուղային կայարանն ամսվա կենտ օրերին աշխատում է մինչեվ 20:30՝ երեկոյան ժամերին չվերթների բացակայության պատճառով: Ամսվա զույգ օրերին կայարանն աշխատում է մինչեվ 23:00, քանի որ ժամը 22:35 Երևանից մեկնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեվան-Թբիլիսի-Երեվան միջազգային գնացքը»,-ասվում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի մամլո հաղորդագրության մեջ: Հայտնում ենք նաև, որ գիշերը կայարանում մշտապես գտնվում է հերթապահը:
Նշենք նաև, որ Երևանի կայարանի «աշխարհի կայարանների» հետ համեմատությունը տհաս է, ինչը, սակայն, վերաբերվում է հրապարակած նյութի ողջ բնույթին:
Անտեղյակ անձանց համար հայտնում ենք, որ «աշխարհի կայարանները» իրականացնում են տարանցիկ փոխադրումներ, այդ պատճառով ունենալով ուղեվորափոխադրումների մեծ ծավալներ և աշխատելով շուրջօրյա:
Հայաստանի փակ սահմանների պարագայում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղեվորափոխադրումներ է իրականացնում միայն մեկ՝ վրացական ուղղությամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի մարզերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ բնակչության շարժը գիշերային ժամերին բավականին պասիվ է, կայարանի այս ժամերին աշխատելը ոչ նպատակահարմար է:
Հարկ է նշել, որ «ՀԿԵ» ՓԲԸ նույնպես մտահոգված է այս խնդրով և մշակում է Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանի զարգացման հայեցակարգը, որը թույլ կտա կայարանը դարձնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կենտրոններից մեկը:
«ՀԿԵ» ՓԲԸ բաց է տարբեր երիտասարդական կազմակերպությունների կայարանի բարեկարգման և քաղաքի կյանքում դերի ակտիվացման հետ կապված առաջարկների համար և պատրաստ է քննարկել նաև «Չենք լռելու» նախաձեռնության ունեցած առաջարկները:





