«Խոսքի իրավունք» միավորումը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն Վայոց Ձորի մարզի Սպիտակավոր վանական համալիրի եկեղեցու շրջակայքը լցված է աղբով:
«14-րդ դարի այս վանական համալիրը կարևոր և առանձնահատուկ է նաև այն փաստով, որ վանքի պատերի տակ գտնվում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Նժդեհը համարվում է իշխող կուսակցության «գաղափարական հայր», և, ըստ բլոգերների, պետք է հետամուտ լինել այս հարցի լուծմանը»,- գրում է միավորումը:
«Խոսքի իրավունք» միավորումը խնդրում է այցելուներին հաղորդել տարածքում փոփոխությունների մասին. «Մենք նույնպես կայցելենք այստեղ: Հույս ունենք, որ երկրորդ անգամ հայտարարություն չենք տարածի և լուսանկարներ չենք հրապարակի այս թեմայով»:
Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից: Ըստ պատերին եղած արձանագրությունների` համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եաչի իշխանը (մահացել է 1318թ.-ին), և շինարարությունը 1321թ. ավարտել է նրա որդին։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որը կառուցվել է 1321-1330թթ.։ Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ. կառուցել են Հովհաննես և Թաձնա ամուսինները)։ Սպիտակավոր վանքի մոտակայքում են նկարահանվել «Մենավոր ընկուզենի» ֆիլմի որոշ դրվագներ: Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդն անվանում է նաև Ծաղիկի վանք:





