AM
24 Նոյեմբեր 2011 - 09:29 AMT

Տարոն Մարգարյան. Կրպակների ապամոնտաժման գործընթացը պետք է շարունակվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչներին: Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կազմկոմիտեի անդամները նախ ներկայացրել են իրենց հուզող հարցերը կրպակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ, ապա քաղաքապետին են փոխանցել կրպակատերերի մտահոգությունները:

Տարոն Մարգարյանը լսելով բոլոր հարցերն ու առաջարկությունները` կազմկոմիտեի ներկայացուցիչներին է ներկայացրել գործընթացի նպատակը և փուլային մոտեցումները: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջնահերթ լուծվելու է Աբովյան փողոցի ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը:

Գործընթացին կհաջորդի ապամոնտաժման ենթակա չգործող և պայմանագրերի ժամկետն անց 243 կրպակների խնդրի կարգավորումը: Միևնույն ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի Կենտրոնի փողոցներից դուրս գտնվող և գործող կրպակներին ապամոնտաժման գործընթացը չի անդրադառնալու: Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի, առևտրի և սպասարկումների վարչության հետ քննարկվում է տարբեր վարչական շրջաններում փոքր առևտրի կենտրոններ հիմնելու ծրագրի հնարավոր տարբերակները:

«Եթե այսօր որոշ կրպակատերերի պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին, միևնույն է՝ խնդիրը ծագելու է անգամ այդ ժամանակ: Բոլոր վարչական շրջաններում խմբավորված տեղեր են հատկացվելու, որոնք կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին. կլինեն միանման, քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ, նաև շահեկան կրպակատերերի համար»,-նշել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ գործընթացը պետք է շարունակվի` չշեղվելով սկզբունքներից, ինչպես նաև պետք է պահպանվի քաղաքի գեղագիտական տեսքն ու արվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի չտուժեն նաև կրպակատերերի շահերը: