AM
6 Դեկտեմբեր 2011 - 06:31 AMT

Ֆուտբոլիստներից ես առաջին հերթին պահանջում եմ հայրենասեր լինել

(?) Ավելի վաղ տարիքում, երբ դեռ խաղում էիք ֆուտբոլ, պատկերացնո՞ւմ էիք, որ մի օր կարող եք դառնալ մարզիչ և գլխավորել ազգային հավաքականը:

(!) Երիտասարդ տարիքում չեմ մտածել այդ մասին: Երբ վնասվածքի պատճառով նոր էի հեռացել ֆուտբոլից, ես հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ կմնամ ֆուտբոլում, բայց ոչ մարզչի կարգավիճակով: Չէի պատկերացնում, որ այսպես կստացվի:

(?) Դուք երկար տարիներ աշխատել եք Հայաստանի հավաքականում, բայց եկեք մտովի հետ գնանք և հիշենք այն օրը, երբ իմացաք, որ գլխավորելու եք մեր ազգային հավաքականը: Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք:

(!) Նախ անհանգստություն կար, որովհետև գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը շատ մեծ պատասխանատվություն է: Քանի որ հավաքականում մի քանի մարզիչների հետ աշխատել էի, ինձ վստահ էի զգում, բայց առաջինը անհանգստության զգացողություն ունեի: Ժամանակի ընթացքում զգացի, որ ազգային հավաքական գլխավորելը շատ մեծ պատիվ է: Կարծում եմ, մարզիչն ավելի հասուն տարքում պետք է ստանձնի հավաքականի ղեկը, երբ շատ գիտելիքներ և մեծ փորձ ունի: Իմ դեպքում հակառակը ստացվեց, և երևի սա էլ իր դրական կողմերն ունի:

(?) Դուք բազմիցս ասել եք, որ շատ բան եք սովորել հավաքականի նախկին մարզիչ Յան Պորտելֆիլդից: Բացի ֆուտբոլային հմտություններից, է՞լ ինչ է նա Ձեզ տվել:

(!) Մարզիչ- ֆուտբոլիստ հոգեբանությունը, երբ թիմում տիրում են լավ հարաբերություններ: Ժամանակակից ֆուտբոլում հոգեբանությունը հսկայական նշանակություն ունի, այն ավելի կարևոր է, քան մնացած բաները: Այդ առումով ես շատ բան եմ սովորել Պորտելֆիլդից: Շատ նման են իմ և նրա մոտեցումները: Սակայն եղել են նաև մարզիչներ, որոնց աշխատանքին հետևելով հասկացել եմ, որ ես այդպես չեմ աշխատի:

(?) Ձեր գլխավորությամբ մեր հավաքականը ԵՎՐՈ-2012 ընտրական փուլում ավարտեց իր ելույթը 3-րդ տեղում: Մրցաշարի ամենասկզբից սպասու՞մ էիք, որ նման հաջողություն կգրանցեք:

(!) Անկեղծ ասած` չէի սպասում: Ես միշտ ասել եմ, որ շատ կարևոր է խաղի որակը, քանի որ նոր թիմ էր ձևավորվում: Մենք սկզբից ակնկալում էինք լավ խաղ, հետո նոր միայն` արդյունք: Ու ստացվեց այնպես, որ արդյունքն ինձ համար էլ անակնկալ եղավ: Իռլանդիայի հետ առաջին խաղը ինձ հույս տվեց, որ մենք կարող ենք ֆուտբոլ խաղալ: Դրական արդյունքը շատ ավելի արագ եկավ, բայց այդ ամենի հիմքում ընկած էր հենց լավ խաղը:

(?) Իռլանդիայի հետ խաղից չխոսել չենք կարող, այն ընտրական մրցաշարի ամենավճռորոշ հանդիպումը ստացվեց, Դուք ինքներդ այն անվանել եք փոքր եզրափակիչ: Ի՞նչ մտածեցիք, երբ Հենրիկ Մխիթարյանին հաջողվեց գոլ խփել, հավատացի՞ք, որ հնարավոր է խաղը փրկել:

(!) Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք կարմիր քարտ ստացանք, երբ ինքնագոլ եղավ, ես հավատում էի, որ կարող ենք հաղթել: Տեսնելով տղաների ձգտումը` զգում էի, որ կարող ենք այս խաղը փրկել: Հանդիպումից հետո էլ ես նրանց ասացի, որ այն, ինչ ես տեսա դաշտում, մի օր տալու է իր պտուղները, ու այս խաղով ամեն ինչ չի վերջանում:

(?) Ճիշտ է, մեր ընտրանին պարտություն կրեց ու կորցրեց հնարավորությունը պայքարելու ԵԱ ուղեգրի համար, բայց ցուցադրեց շատ հասուն ու կազմակերպված խաղ: «Ավիվան» ամենամեծ ստադիոնն էր, որտեղ մեր հավաքականը հյուրընկալվեց այս ընտրական մրցաշարում, ու ճնշումը հսկայական էր: Ի՞նչ բառերով կարողացաք հավատ ներշնչել տղաներին:

(!) Այս սերունդն առանձնահատկություն ունի ու տարբերվում է իմ սերունդից: Ես միշտ ասում եմ, որ նրանք «կապիտալիստ» են բառի դրական իմաստով: Այսինքն, ապրում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքով ու երբեք չեն խախտի այդ կենսակերպը: Մենք պատրաստվում ենք կոնկրետ խաղի` ընտրելով կազմ ու մարտավարություն: Ես շատ եմ կարևորում նաև մարդկային փոխհարաբերությունները, ու այն մթնոլորտը, որ կա հավաքականում, լրիվ բավարարում է ինձ: Իսկապես, մեր ֆուտբոլիստները հրաշալի մարդիկ են:

(?) Որպես հավաքականի գլխավոր մարզիչ անցկացրել եք արդեն 15 հանդիպում: Իհարկե, բոլորն էլ առանձնահատուկ կլինեն Ձեզ համար, բայց ո՞ր խաղն է որոշիչ եղել թիմի համար:

(!) Իսկապես, բոլորն էլ շատ կարևոր են: Ինձ համար բեկումնայինը Սլովակիայի դեմ առաջին հանդիպումն էր: Տղաները զգացին, որ այդ լավ խաղն արդյունք կտա: Շատ կարևոր էր նաև Անդորրայի հետ պատասխան հանդիպումը: Այդ խաղից առաջ մենք պարտություններ էինք ունեցել, ու վստահությունը վերադարձնելու համար մեզ պետք էր այդ հաղթանակը:

(?) Ընտրական մրցաշարում մեր հավաքականի մասին բազմաթիվ դրական կարծիքներ են հնչել: Բայց Ձեզանից լավ ո՞վ կարող է ճանաչել մեր ֆուտբոլիստներին ու իմանալ նրանց հնարավորությունները: Կցանկանանք, որ Դուք ինքներդ բնութագրեք այն թիմը, որը նաև Ձեր ջանքերի շնորհիվ է ստեղծվել:

(!) Այս թիմը շատ պրոֆեսիոնալ է, ու ֆուտբոլիստները գիտեն իրենց գործը: Ժամանակակից ֆուտբոլում չկան տնային և արտագնա հանդիպումներ, ընդամենը մարտավարություններն են փոխվում: Անկեղծանամ, որ մեր տղաներն այստեղ ավելի շատ են ճնշվում, քան հյուրընկալվելիս, որովհետև սեփական հարկի տակ պատասխանատվությունը կրկնակի մեծանում է: Կարծում եմ, դա էր նաև պատճառը, որ Մակեդոնիայի հետ խաղի սկզբնամասը չստացվեց: Մինչև հիմա մենք դրսում ավելի ազատ ենք խաղացել:

(?) Ընտրական մրցաշարում կազմի ընտրության հետ կապված Ձեր ամենադժվար կայացրած որոշումը:

(!) Դա առաջին խաղի ժամանակ էր, որովհետև մինչև Իռլանդիայի հետ հանդիպումը մենք չհասցրինք խաղալ այն կազմով, որը պետք է դառնար թիմի կորիզը: Դժվար էր նաև Մակեդոնիայի հետ առաջին հանդիպման ժամանակ: Բայց սլովակների հետ դիմակայությունից սկսած մենք ունեցանք այն մոդելը, որը կոնկրետ մրցակցի դեմ կիրառեցինք: Այժմ ունենք դրսի ու ներսի մոդել, ու այսպես ավելի հեշտ է դառնում մեր աշխատանքը:

(?) Դուք միշտ այնքան հավասարակշռված ու կենտրոնացած եք Ձեր աշխատանքի վրա ու հազվադեպ եք ցույց տալիս Ձեր էմոցիաները, բայց Սլովակիայի դեմ պատասխան խաղում մենք տեսանք բոլորովին այլ Վարդան Մինասյան: Ինչպե՞ս եք կարողանում զսպել Ձեր զգացմունքները:

(!) Դա բնական վիճակ է, խառնվածքով եմ ես այդպիսին: Ես միշտ սպասում եմ մրցավարի սուլիչը լինի, նոր ուրախանամ: Օրինակ` Անդորրային 4:0 հաղթում էինք, բայց ես չէի մտածում, որ արդեն 3 միավոր ենք վաստակել: Բայց սլովակների հետ զգացի, որ և մրցակիցն է ճնշվել և մեր տղաներն այնպիսի ֆուտբոլ էին ցուցադրում, որ հաղթանակ կլիներ: Չնայած, մինչև հիմա էլ իմ ուրախության կադրերը տեսնելով` ամաչում եմ (ծիծաղում է):

(?) Ո՞րն է ամենակարևոր պահանջը, որ դնում եք ֆուտբոլիստների առջև:

(!) Ամենակարևորն այն է, որ մեր խաղացողները հայրենասեր լինեն, դա է իմ առաջին պահանջը:

(?) Դուք Հայաստանի հավաքական բերեցիք թարմություն, ստեղծեցիք ուրույն խաղային ձեռագիր ու ստիպեցիք եթե ոչ ողջ, ապա գոնե ֆուտբոլային աշխարհի մեծ մասին խոսել Ձեր ու Ձեր սաների մասին: Ինչպե՞ս հաջողվեց դա Ձեզ անել երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում:

(!) Չկա մի բան, որ ասեմ հենց դրա շնորհիվ ենք հասել արդյունքի: Շատ նպաստող հանգամանքներ են եղել, օրինակ` Երևանում ֆուտբոլի Ակադեմիայի բացումը, այն պայմաններն ու հանգստությունը, որ այնտեղ կան աննկարագրելի են: Մեր ֆեդերացիայի նախագահի դրած պահանջներն ու հոգատարությունը մեր նկատմամբ: Հիմա մենք բոլոր հանդիպումներին չարտերային չվերթով ենք մեկնում, դա նույնպես շատ կարևոր է: 2005 թվականից սկսած մեր մարզիչները մասնակցում են արտոնագրման ծրագրերի: Նաև մեր երկրպագուները շատ ավելի լավ են վերաբերվում ֆուտբոլին: Չափազանց մեծ է նաև բժիշկների աշխատանքը, նրանց շնորհիվ ֆուտբոլիստները հասցնում են շատ արագ վերականգնվել: Այս և շատ այլ կարևոր գործոնների շնորհիվ էլ եղավ արդյունքը:

(?) ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարը մեր հավաքականի համար արդեն ավարտվել է և պետք է պատրաստվել աշխարհի առաջնությանը: Այժմ մեր ընտրանին ավելի փորձառու և կայացած է: Ըստ Ձեզ, ի՞նչ սխալներ չպետք է թույլ տալ, որպեսզի հաջողվի նվաճել ԱԱ ուղեգիր:

(!) Հայաստանում ֆուտբոլի վերածնունդ է: Երկրպագուները տեսան, որ մենք ֆուտբոլ ունենք ու միշտ գնալու են մարզադաշտ ոգևորելու ազգային հավաքականին: Կապ չունի, որ ֆուտբոլիստն է խաղալու կամ ով է լինելու մարզիչը: Ֆոտբոլում լինելու է հաղթանակ, ոչ ոքի, պարտություն, մենք պարզապես պետք է հավատանք մեր հավաքականին, որը խաղադաշտում ցույց է տալու այն ամենը, ինչի ընդունակ է: Ես միշտ ռեալ խնդիրներ եմ դնում հավաքականի առջև:

(?) Գո՞հ եք աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական խմբի խաղացանկից:

(!) Այո, գոհ եմ: Մենք 2-3 տարբերակ էինք մշակել, սա դրանցից մեկն էր: Մի էպիզոդ կա, որ մեզ չի գոհացնում, բայց խմբում 6 թիմ կա, որոնք բոլորն էլ իրենց ցանկություններն ունեն: Ընդունված խաղացանկը գրեթե 90 % մեզ գոհացնում է:

(?) ԱԱ ընտրական B խմբի մասին ի՞նչ կասեք:

(!) Իտալիան, Դանիան, Չեխիան հզոր թիմեր են ու մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Այդ ժամանակ հաստատ ավելի են ուժեղանալու և փորձ կուտակելու: Բայց չգիտեմ` ինչպես կմոտենան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Բուլղարիան նոր մարզիչ ունի, ու նման դեպքերում, որպես կանոն, թիմերն ավելի լավ են խաղում: Մալթան էլ կարգով ավելի բարձր է, քան Անդորրան: Այս խումբն ավելի ուժեղ է, քան Եվրոպայի ընտրական մրցաշարինն էր:

(?) Դուք «Փյունիկում» նշանակվել եք տեխնիկական տնօրեն, ինչի արդյունքում ավելի շատ ժամանակ կկարողանաք տրամադրել հավաքականներին: Ինչպե՞ս եք պլանավորել Ձեր աշխատանքը 2012 թվականին:

(!) Ես պետք է համակարգեմ «Փյունիկի» դպրոցը, այս ձմեռ աստիճանաբար հունի մեջ կընկնեմ: Ու ավելի շատ կկենտրոնանամ հավաքականի վրա, հենց տեղում կհետևեմ թեկնածուների խաղերին: Աշխատանքի ծավալն ավելի է մեծանալու:

Հարցազրույցի երկրորդ մասը կարդացեք շուտով: