AM
7 Դեկտեմբեր 2011 - 08:47 AMT

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը ուժեղ երկրաշարժեր կանխատեսելու համար հիմքեր չունի

Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին ամիսներին գրանցված 4-5 բալանոց սեյսմիկ ցնցումները, թեև մարդկանց որոշակի անհանգստություն են պատճառել, ըստ էության և ըստ «ՀՀ սեյսմիկ պաշտպանության մասին օրենքի» և միջազգային սեյսմիկ նորմերի թույլ երկրաշարժեր են, որոնք արտահայտում են սեյսմիկ ֆոնը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։

«Սեյսմիկ ֆոն նշանակում է՝ անընդհատ տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր և թույլ ցնցումներ, որոնք գրանցվում են միայն սեյսմիկ սարքավորումների՝ կրիչների միջոցով։ Ցնցումները երբեմն զգում են նաև մարդիկ, բայց դա սեյսմիկ ֆոնի արտահայտությունն է։ 2 բառով դա անվանում ենք սեյսմիկ ռեժիմ»,- մանրամասնեց բանախոսը։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ իրենք որևէ տվյալ չունեն, որը կվկայեր, թե նախկինում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի օջախներում այսօր տեղի է ունենում մի նոր երկրաշարժի նախապատրաստում. «Մեր տվյալները որևէ հիմք չունեն ասելու, որ նախապատրաստվում է ուժեղ երկրաշարժ։ Որոշակի ակտիվություն նկատվում է տարածաշրջանում, բայց դա այն աստիճանի չէ, որ համարենք՝ ուժեղ երկրաշարժ է սպսվում»։