AM
7 Դեկտեմբեր 2011 - 12:31 AMT

Թուրքիան պատահական չէ հենց հարիսան ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին իբրև ազգային կերակրատեսակ

Թուրքիայի կառավարությունը հատուկ է ընտրել հենց հարիսա ճաշատեսակը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, հացահատիկային կերակուրներ պատրաստում են նստակյաց ժողովուրդները, իսկ օրինակ բաստուրման` դա քոչվորների ուտելիքն է, որը Թուրքիան չի ներկայացնում որպես ազգայինը: Դրանով, ըստ Մամուլյանի, թուրքերը ուզում են ցույց տալ իրենց տեղաբնիկությունը: Նա նաև չի բացառում, որ վաղը թուրքերը կսեփականաշնորհեն նաև թոնիրը, ինչը բացառապես հայկական է:

Գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանը այս փաստը համարում է ՀՀ մշակույթի նախարարության թերացումը և անտարբերությունը ազգային արժեքների նկատմամբ:

ՀԿ-ն այժմ ոլորտի մի շարք մասանգետների կողմից հիմքեր է մշակում, որով կդիմի պետական մարմիններին` քայլը բողոքարկելու համար:

Հարիսան, որը կոչվում է նաև քաշիկա կամ քեշքեշ, չունի ստույգ թվագրություն: Ենթադրվում է, որ այն ի հայտ է եկել առաջին տնտեսությունների հետ, մասնավորապես 12.000 տարի առաջ: Այն պատրաստվել է ձավարեղենից, գառան կամ հավի մսով` կավե կճուճի մեջ, թոնրում: Հարիսայի մեջ ավելացվել են նաև կերաբույսեր և լոբազգիներ:

Նոյեմբերի 29-ին ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6-րդ նստաշրջանի ժամանակ որոշվեց, հարիսան (քեշքեշ) ուտելիքը ընդգրկել ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում, որպես թուրքական մշակույթի մաս: