2003 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը այս օրը հռչակեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Ամեն տարի այս օրը բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր իրենց խոսքերով և գործերով պայքարում են դրա դեմ, ի մի են բերում այդ պայքարում իրենց և իրենց երկրների կառավարությունների և հասարակությունների ձեռքբերումներն ու կորուստները:
Համաշխարհային մասշտաբով 2011 թ. յուրահատուկ տարի էր` հանրության կողմից կոռուպցիայի և նրա ավերիչ հետևանքների ընկալման և այն այլևս չհանդուրժելու առումով: Այդ յուրահատկությունը դրսևորվեց նրանով, որ աշխարհի տարբեր տարածքներում, բայց, ցավոք ոչ Հայաստանում, ծայր առած բողոքի շարժումներին մասնակցող քաղաքացիները հստակորեն նշում էին, որ հենց կոռուպցիան է իր տարբեր դրսևորումներով հանդիսանում իրենց պետությունների և հասարակությունների բարդ հիմնախնդիրների գլխավոր պատճառներից մեկը` եթե ոչ ամենագլխավորը:
Համաձայն տեղական և միջազգային փորձագետների, ինչպես նաև շարքային քաղաքացիների ընկալումների`կոռուպցիան Հայաստանում շարունակում է մնալ համատարած և կրել համակարգային բնույթ: Դա են վկայում նաև միջազգային հայտնի կազմակերպությունների կողմից հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները, մասնավորապես, Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) կողմից այս տարվա դեկտեմբերի 1-ին հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքները և դասակարգման աղյուսակը: Տարեցտարի Հայաստանն ավելի ու ավելի է նահանջում դեպի աղյուսակի ստորին հորիզոնականները (նախորդ տարի այս տարվա համեմատ ևս 6 տեղով)` իրենից առաջ թողնելով երկրների, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ անհամեմատ ավելի վատ դիրքերում էին գտնվում, քան Հայաստանը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը («ԹԻՀԿ» ՀԿ) վերջին տարիների իր բոլոր հայտարարություններում, հրապարակային ելույթներում մատնանշել է և՛ կոռուպցիայի կործանարար հետևանքները հայոց պետականության համար, և՛ դրա արմատները, և՛ դրա դեմ արդյունավետ պայքարի նախապայմանները. “Եվ քանի որ, ցավոք, 2011 թ. դարձյալ չարձանագրեց դրական տեղաշարժ կոռուպցիայի սանձահարման գործում, մեզ մնում է միայն արձանագրել առկա ճահճացման իրավիճակը, որն էլ ավելի անհասանելի է դարձնելու բարեկեցիկ, հարուստ և ժողովրդավարական երկիր ունենալու մեր ժողովրդի երազանքը”:





