Գրեթե հազար հայ երիտասարդներ հնարավորություն կունենան մարդու իրավունքների, պաշտպանության և խթանման մասին իրենց գիտելիքները զարգացնել` մասնակցելով ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակների կազմակերպած ու հայաստանյան գործընկերների աջակցած միջոցառումներին:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ երիտասարդ հայ ակտիվիստներ Անի Պողոսյանի ու Արեն Մալաքյանի ֆիլմերը, որոնք ներկայացվել էին ավելի վաղ հայտարարված ֆիլմերի փառատոնին, ճանաչվել են լավագույնը և ստացել մրցանակներ այսօր Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
Մոտ 20 ֆիլմ էր ընտրվել փառատոնին մասնակցելու համար, որը կազմակերպվում էր առաջին անգամ Հայաստանում, Ավստրիայում, Վրաստանում և Ուկրաինայում միաժամանակ: Փառատոնի նպատակն էր խթանել երիտասարդների ակտիվությունը, մարդու իրավունքների ընկալումը և իրենց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացումը: Փառատոնը կազմակերպել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակները չորս երկրներում տեղական և միջազգային գործընկերների հետ:
Հայաստանում փառատոնը համատեղ կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակների կողմից` Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ:
Ֆիլմերի փառատոնի ընտրված բոլոր մասնակիցները մրցանակների հանձնման արարողության ժամանակ ստացան գնահատանքի վկայականներ, իսկ լավագույն ֆիլմերը ցուցադրվեցին և նրանց մասին քննարկւոմ կազմակերպվեց:





