«Մեր ֆուտբոլային ամենալուրջ հաջողությունները կապված են եղել «Հրազդան» մարզադաշտի հետ: Այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ ստադիոնը հայտնվել է վտանգի տակ, ու մենք կարող ենք կորցնել այն»,- «Հրազդանի» պաշտպանության բողոքի ակցիայի ժամանակ նշել է երկրպագուների ՖԱՖ շարժման խորհրդի անդամներից Էդգար Պետրոսյանը:
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում նախատեսվում է կառուցել 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն: Պետրոսյանի խոսքով, այդ շենքի առկայության դեպքում հնարավոր է, որ մարզադաշտը որակազրկվի և չկարողանա հանդիպումներ ընդունել: «Մենք իրավունք չունենք կորցնել «Հրազդան» մարզադաշտը: Եթե այն կորցնենք, մենք կզրկվենք նաև հաղթողի հոգեբանությունից»,- ընդգծել է նա:
Երկրպագուները գտնում են, որ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում ունենալու է լուրջ հաջողություններ և ավելի շատ երկրպագուներ են ցանկանալու ներկա գտնվել խաղերին. « Հանրապետական ստադիոնը ընդամենը 15 հազար հանդիսական կարող է տեղավորել, իսկ «Հրազդանը»` մինչև 55-60 հազար:
Մենք ակնկալում ենք, որ ԱԱ ընտրական փուլում մեր հավաքականը տոնելու է հաղթանակներ: Իտալիայի հետ հանդիպմանը մենք «Հրազդանի» պահանջը շատ կունենանք»:





