AM
13 Դեկտեմբեր 2011 - 06:07 AMT

Նիկոլյա Սարկոզի. Մեծ Բրիտանիայի պատճառով երկու Եվրոպա է առաջացել

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտնել է, որ Եվրամիության նոր բյուջետային պայմանագիրն արգելափակելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի որոշման արդյունքում «երկու Եվրոպա» է առաջացել: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, Սարկոզին հավելել է, որ ինքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ արել է ամեն հնարավոր բան, որպեսզի Բրիտանիան մասնակից դառնա անցյալ շաբաթ ԵՄ երկրների ստորագրած նոր պայմանագրին: Le Monde ֆրանսիական թերթին տված հարցազրույցում Սարկոզին ասել է, որ «կա մի Եվրոպա, որն ուզում է ավելի միավորված լինել և միասնական կանոններ ունենալ, և կա մյուսը, որը հավատարիմ է բացառապես ներքին շուկայի տրամաբանությանը»:

Այն հարցին, թե արդյոք Բրիտանիան իրավասու է միասնական եվրոպական շուկայի անդամ մնալ, ֆրանսիական նախագահը պատասխանել է, որ Բրիտանիան պետք է Եվրամիությանը, և նրա ելքը մեծ կորուստ կդառնար, սակայն, բարեբախտաբար, այդ մասին խոսք չի գնում:

Ուրբաթ օրը Բրյուսելում եվրոպական առաջնորդները պայմանավորվեցին եվրագոտու երկրների հետագա տնտեսական ինտեգրացիայի ծրագրերի մասին, որոնք կոչված են կանխելու ներկայիս պարտքային ճգնաժամը: Մասնավորապես, նրանք ԵՄ անդամների համար բյուջետային պակասուրդի առավելագույն չափ սահմանեցին, ինչպես նաև օժանդակեցին բյուջեների հիմնական ցուցանիշների համաձայնեցումը Բրյուսելի հետ: