AM
13 Դեկտեմբեր 2011 - 06:35 AMT

Բրայզան շուտով կվերադառնա Միացյալ Նահանգնե՞ր

«Ժամանակի» հավաստի տեղեկություններով, 2012 թվականի հունվարին Ադրբեջանում ԱՄՆ արատակր և լիազոր դեսպան Մեթյու Բրայզան կթողնի դեսպանի պաշտոնը: 2011 թվականի դեկտեմբերի 1-ին, անդրադառնալով դեսպանի պաշտոնում իր հետագա ճակատագրին, Բրայզան ասել էր. «ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման երկրորդ անգամ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Սենատին առաջադրել է իմ թեկնածությունը: Ես սպասում են Սենատի որոշմանը: Իմ հարցում որոշում է ընդունվելու նախքան Կոնգրեսի արձակուրդ գնալը: Սակայն դրա ստույգ ժամկետը հայտնի չէ»: Թերթի աղբյուրները հայտնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 թվականին ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, Սպիտակ տունը չի ցանկանում ընդդիմանալ հայկական լոբբիին, ուստի վերջնական որոշում է կայացվել, որ Բրայզան վայր կդնի իր լիազորությունները:

Անցյալ ամիս, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Քիթ Բինը հաստատել էր, որ տարեվերջին Բրայզան մեկնելու է Վաշինգթոն, ուր Սենատում քննարկվելու են նրա թեկնածության հարցը: