Համադրելով հրապարակված պաշտոնական տեղեկատվությունն ու «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի կատարած աշխատանքի արդյունքները`«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հրապարակել է զեկույց` նվիրված ադրբեջանահայ փախստականների խնդրին:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, 1988-ից վեր Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության գործողությունների արդյունքում, մոտավորապես 400 հազար հայեր ապաստանել են Հայաստանում և Արցախում, ստանալով փախստականի կարգավիճակ: Կատարված հետազոտությունների հիման վրա ցանցը պնդում է, որ իրականում ադրբեջանահայ փախստականների թվաքանակը կազմում է ավելի քան կես միլիոն մարդ, այսինքն` առնվազն 100 հազար փաստացիորեն փախստական հանդիսացող հայեր ինչ-ինչ պատճառով համապատասխան կարգավիճակ չեն ստացել: Նրանք բաժանվում են երկու հիմնական խմբերի:
Առաջին խումբը կազմում են այն մարդիկ, որոնք Ադրբեջանից իրենց պարտադրված արտաքսման ժամանակ չեն եկել Հայաստան կամ Արցախ, այլ գնացել են այլ հանրապետություններ` մեծամասամբ Ռուսաստան, որտեղ հաստատվելով, ԽՍՀՄ փլուզումից հետո, ձեռք են բերել Ռուսաստանի կամ որևէ այլ պետության քաղաքացիություն:
Երկրորդ խմբի մեջ մտնում են բոլոր այն փաստացի փախստական դարձած ադրբեջանահայերը, որոնք գալով Հայաստան կամ Արցախ չեն գրանցվել որպես փախստական և կամ ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, կամ հեռացել են այլ երկրներ: «Մենք շատ մոտավոր կերպով կարող ենք ասել, որ առաջին խումբը ներառում է առնվազն 70-80 հազար մարդ, իսկ երկրորդը` 25-30 հազար մարդ»,- նշվում է զեկույցում:
Այստեղ ցանցը հարկ է համարում ընդգծել, որ այս բոլոր մարդիկ թեև փախստականի կարգավիճակ չեն ստացել, սակայն փաստացի փախստականներ են, որոնք մեծամասամբ կորցրել են Ադրբեջանում իրենց գույքն ու դրամական ավանդները, տվել են մարդկային զոհեր ու ենթարկվելով բռնությունների ու հալածանքների, ստիպված են եղել հեռանալ իրենց նախնիների կողմից հաստատված օջախներից:





