Հենց որ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը կդրվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար պատիժ սահմանող օրինագիծը, Թուրքիայի Մեծ ազգային ժողովը որոշեց պատվիրակություն գործուղել Ֆրանսիա: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկիրի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Հանրապետական ժողովրդական կուսակցության ու Ազգային շարժման կուսակցության ներկայացուցիչները:
Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր, արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Օքթայ Էքշին հայտնել է, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի այդ քայլից: «Ֆրանսիան այն երկիրն է, որն իրեն չեմպիոն է հռչակում խոսքի, մտքի ազատության ոլորտում: Սակայն, այն փաստը, որ այժմ բողոքն օրենքներում տեղ գտած սխալների դեմ հանցագործություն է համարվում, հակասում է այդ պնդմանը: Ֆրանսիայի ղեկավարները պետք է ամաչեն՝ նման կերպ սահմանափակելով խոսքի ազատությունը»:
Արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, Անթալիայից ընտրված պատգամավոր Թունջա Տոսկայն ասել է, որ Ֆրանսիայի այդ քայլը անտրամաբանակն է, չհիմնավորված ու Թուրքիայի դեմ ուղղված սուբյեկտիվ նախաձեռնություն:
Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի ԱԺ-ում: Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:
Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի կոմիտեն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը:





