AM
14 Դեկտեմբեր 2011 - 12:32 AMT

Դավիթ Բաբայանը Քարվաճառը Հայաստանի հետ կապող ճանապարհի մասին. Մենք ցանկացած գնով կկառուցենք այն

Արցախում ակտիվորեն կառուցում են Քարվաճառը (Քելբաջարը) Հայաստանի հետ կապող ճանապարհը: Ինչպես PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը, Մարտակերտ-Դրմբոն-Քարվաճառ-Սոտկ ճանապարհը նույնքան կարևոր ռազմավարական նշանակություն ունի, որքան երկու հանրապետությունները կապող գործող ճանապարհը, որն անցնում է Գորիսով ու Բերձորով (Լաչինով): Նա նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ ճանապարհի շինարարության համար մեծաքանակ շինտեխնիկա է աշխատում՝ նշելով, որ շինարարությունը դեռևս սկզբնական փուլում է:

Անդրադառնալով ճանապարհի կառուցման ֆինանսավորմանը՝ Բաբայանն ասել է. «Գինը նշանակություն չունի, մենք ամեն գնով կկառուցենք այդ ճանապարհը: Ֆինանսավորումը երկրորդական է մեզ համար, գլխավորը ճանապարհն է»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ճանապարհը ունի ինչպես կարևոր ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական նշանակություն: Դավիթ Բաբայանը նաև հույս է հայտնել, որ մինչ 2013թ. այդ ճանապարհն արդեն կգործի: Ըստ նրա, նոր ճանապարհի կառուցման արդյունքում Մարտակերտի ու Երևանի միջև տարածությունը կկրճատի 200 կմ: