AM
14 Դեկտեմբեր 2011 - 12:44 AMT

Հայաստանն ակտիվացնում է Իտալիայի հետ միջխորհրդարանական կապերը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Երկուստեք կարևորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որին, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստեն ակտիվ շփումներն ու փոխայցելությունները: Կարևորել են նաև համագործակցության տնտեսական և մշակութային բաղադրիչները:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ փոխգործակցության կոնկրետ քայլեր իրականացնելու համար:

Հռոմում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են նման պարբերական շփումների ու քննարկումների կարևորությունը, որոնք նպաստում են Հայաստանի և ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության խորացմանը: Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԱՀԿ-ի աջակցությունը: Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վենետիկ: