AM
15 Դեկտեմբեր 2011 - 13:35 AMT

Չեխիայում ՀՀ դեսպան. Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը

Դեկտեմբերի 14-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Շտեխը դեսպան Սեյրանյանին շնորհավորեց Չեխիայի Հանրապետությունում իր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Հայաստանի դեսպանը զրուցակցին տեղեկացրեց Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների գործընթացի, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:

Չեխիայի Սենատում դեսպան Սեյրանյանը հանդիպումներ է անցկացրել նաև սենատորներ Յարոմիր Շտետինայի, Պետր Բրատսկու և Յան Հորնիկի հետ: