AM
16 Դեկտեմբեր 2011 - 07:44 AMT

Թաներ Աքչամ. Հուսով եմ, որ Թուրքիան կվերադարձնի հայերի կրոնական գույքը առանց միջազգային հանրության լրացուցիչ ճնշման

Թուրքիան վաղուց պետք է վերադարձներ հայերի կրոնական ունեցվածքը: Նման կարծիք է հայտնել թուրք պատմաբան, ԱՄՆ Քլարքս համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի ընդունած 306 բանաձևը՝ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ունեցվածքը վերադարձնելու մասին:

Աքչամը նշել է, որ դրա իրավական հիմքն առկա է ոչ միայն միջազգային իրավունքում, «նմանատիպ կետ գոյություն ուներ նաև Օսմանյան կայսրության, և այժմ էլ առկա է Թուրքիայի Հանրապետության օրենսդրությունում: «Ցավոք, թուրքական իշխանությունները չեն կարող վերադարձնել ողջ գույքը, քանի որ, օրինակ, եկեղեցիների մեծամասնությունն ավերված է»,-ասել է նա:

Աքչամը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան վերջապես կվերադարձնի հայերի կրոնական գույքն առանց միջազգային հանրության լրացուցիչ ճնշման:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է 306 բանաձևը «Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կրոնական ունեցվածքի վերադարձի մասին»:

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց հռչակագիր 1930թթ. առգրավված գույքը վերադարձնելու մասին: