AM
16 Դեկտեմբեր 2011 - 16:41 AMT

Ֆիդել Կաստրոն Գիննեսի Ռեկորդների գրքում է հայտնվել իր հանդեպ մահափորձերի քանակով

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն Գիննեսի Ռեկորդների գրքում է հայտնվել իր հանդեպ կատարված մահափորձերի քանակով, հաղորդել են ուրբաթ օրը տեղական լրատվամիջոցները:

«Կուբական հեղափոխության պատմական առաջնորդ Ֆիդել Կաստրոն Գիննեսի Ռեկորդների գրքում է ընդգրկվել` որպես առավելագույն քանակությամբ մահափորձերի ենթարկված մարդ»,- հաղորդում են պաշտոնական կուբական ԶԼՄ-ները:

Մահափորձերը հաշվելիս հատուկ հանձնաժողովն օգտագործել է ամերիկյան ԿՀՎ հետախուզության արխիվները, քանի որ մահափորձերի մեծամասնությունը հենց նրա նախաձեռնությամբ է կատարվել, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Ընդհանուր առմամբ նախկին կուբական առաջնորդի հանդեպ 638 մահափորձ է կատարվել ամենատարբեր միջոցներով` ներառյալ դիպուկահարների հարձակումները, կոշիկների և անգամ բեյսբոլի գնդակի մեջ թաքցրած պայթուցիկ սարքերը, թույնը սիգարներում»,- հաղորդում է կուբական վեբ-կայքերից մեկը` հավելելով, որ հարձակումներից և ոչ մեկը չի հասել իր նպատակին: