Եգիպտոսում արդեն երկու օր շարունակվում են բախումները հակակառավարական ելույթների մասնակիցների, ոստիկանության և բանակի միջև, հաղորդում է Euronews-ը:
«Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են պաշտպանել երկիրը: Եգիպտոսի ժողովուրդը պետք է միավորվի և կենտրոնանա պետության տնտեսության և անվտանգության վերականգնման վրա»,- այս կապակցությամբ հայտնել է երկրի վարչապետ Քամալ ալ-Գանզուրին: Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում այսօր, ոչ թե հեղափոխություն է, այլ հակահեղափոխություն:
Վերջին տեղեկատվության համաձայն, Եգիպտոսի մայրաքաղաքում ջարդերի զոհ է դարձել ինը մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել են:
Շաբաթ օրը Կահիրեի կենտրոնում ցուցարարները այրեցին խորհրդարանի կառույցների համալիրում գտնվող գիտական կենտրոնը: Այդ շենքը կառուցվել է ավելի քան 200 տարի առաջ` Նապոլեոն Բոնապարտի օրոք, հրդեհի արդյունքում ոչնչացել են արխիվներ, գրքեր, արվեստի գործեր:





