Սիրիական ընդդիմության խոշորագույն բլոկի` Սիրիական ազգային խորհրդի (ՍԱԽ) ներկայացուցիչները ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ են անում պաշտպանել Սիրիայի քաղաքացիներին «ցեղասպանության ակտերից», հաղորդում է CNN հեռուստաալիքի կայքը:
ՍԱԽ տվյալներով, վերջին երկու օրվա ընթացքում անվտանգության ուժերն ավելի քան 250 խաղաղ բնակիչ են սպանել, գրում է ՌԻԱ Նովոստին: «Վարչակարգը երեխաներին օգտագործում է որպես կենդանի վահաններ, որոնք թույլ են տալիս տանկերին ու զրահամեքենաներին գրոհել բնակելի թաղամասերը: Գրանցվել են հրեշավոր սպանությունների դեպքեր»,- հայտնել են ՍԱԽ ներկայացուցիչները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայում բախումների զոհերի թիվը չորեքշաբթի օրը տարբեր տվյալներով կազմել է 56-ից 121 մարդ:
Սիրիայում վերջին 9 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջին օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 5 հազարի:
Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում, հեռուստատեսությունտ ցուցադրել է նրանցից առգրավված զենքը, պայթուցիկները, գումարը, համազգեստը, կապի միջոցները:
Երկուշաբթի օրը Սիրիայի իշխանության ներկայացուցիչները ստորագրել են արձանագրություն, որը թույլատրում է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների առաքելության մուտքը երկիր: Դիտորդները պետք է համոզվեն, որ երկրի իշխանություններն իրոք փորձում են խաղաղ ճանապարհով կարգավորել ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը:





