Սիրիայում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների առաքելության ղեկավար, սուդանյան գեներալ Ահմեդ Մուստաֆա ադ-Դաբին կիրակի օրը Կահիրեից մեկնել է Դամասկոս, որպեսզի ձեռնամուխ լինի իր պարտականությունների կատարմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մեկնելուց առաջ ես հանդիպել եմ ԱՊԼ գլխավոր քարտուղարի (Նաբիլ ալ-Արաբի) հետ, մենք համաձայնեցրել ենք առաքելության աշխատանքի ծրագիրը, դրա գործառույթների կազմակերպչական և տեխնիկական հարցերը»,- ասել է ադ-Դաբին լրագրողներին նախքան Դամասկոս մեկնելը:
Նա հաղորդել է, որ առաքելության աշխատակիցները մտադիր են մի շարք հանդիպումներ անցկացնել հակամարտության տարբեր կողմերի, այդ թվում՝ բանակի և անվտանգության ուժերի, ինչպես նաև ընդդիմության ու հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ընդ որում, առաքելության ղեկավարը խոստացել է, որ դիտորդների աշխատանքը թափանցիկ և անաչառ է լինելու:
Սպասվում է, որ առաքելության մնացած աշխատակիցները Սիրիայի մայրաքաղաք կմեկնեն երկու օրվա ընթացքում:
ԱՊԼ առաջնային խումբը, որի կազմի մեջ մտնում են վարչարարական աշխատակիցներ և անվտանգության ոլորտ մասնագետներ, Դամասկոս է մեկնել դեռևս հինգշաբթի օրը: Խումբը գլխավորում է ԱՊԼ գլխավոր քարտուղարի գնական Սեյֆ ալ-Յազալը: ԱՊԼ առաջնային խմբի խնդրի մեջ մտնում են առաքելության հիմնական մասի աշխատանքի նախապատրաստության հարցերը:
Նշանակալի է, որ ԱՊԼ առաքելության աշխատանքը մեկնարկում է Դամասկոսում խոշոր ահաբեկչության ֆոնին: Երկու ականավորված ավտոմեքենաներ, որոնք վարում էին մահապարտ ահաբեկիչներ, օդ են թռչել ուրբաթ օրը Դամասկոսում՝ Սիրիայի անվտանգության կենտրոնական կառույցների շենքերի մոտ: Այդ ահաբեկչությունների համար պատասխանատվությունը իշխանությունները բարդել են «Ալ-Կայիդա» կազմակերպության վրա: Սիրիայի ՆԳՆ տվյալներով, երկու պայթյուններին զոհ են գնացել ավելի քան 44 անվտանգության ուժերի աշխատակիցներ և խաղաղ բնակիչներ: Եվս 166 հոգի վնասվածքներ է ստացել:
ԱՊԼ-ն արդեն հայտարարել է, որ Դամասկոսում տեղի ունեցած պայթյունները չեն ազդի դիտորդների առաքելության աշխատանքի վրա, բայց դրա հետ մեկտեղ առաքելությունը կզբաղվի այդ պատահարի հանգամանքների ուսումնասիրությամբ:
Սպասվում է, որ դիտորդների առաքելությունը զեկույցներ կպատրաստի ԱՊԼ համար, որոնց հիման վրա կընդունվեն հետագա որոշումները:
Ավելի վաղ ԱՊԼ-ն ժամանակավորապես դադարեցրեց Սիրիայի մասնակցությունը կազմակերպության աշխատանքին և Դամասկոսի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ ներմուծեց՝ կապված չդադարող բախումների հետ, որոնց, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 5000 մարդ է զոհ գնացել:
Սիրիայում արդեն 9 ամիս է չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտի կեսերին երկրի հարավում` Դերաա քաղաքում, ապա տեղափոխվել երկրի այլ շրջաններ: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Ամեն օր մարդկային՝ ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցների զոհերի մասին հաղորդագրություններ են ստացվում:





