AM
10 Հունվար 2012 - 06:38 AMT

Վրաց հրապարակախոս. Վրաստանում նախապատրաստվում են Պարսից ծոցի պատերազմին

Վրաստանում նախապատրաստվում են Պարսից ծոցի առաջիկա պատերազմին: «Կվիրիս խրոնիկա» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ներկայացուցչական ժողովրդական ժողովի գործադիր խորհրդի անդամ, վրաց գրող, հրապարակախոս ու հասարակական գործիչ Էլիզբար Ջավելիձեն:

Ըստ նրա, վերջին ամիսներին Սահակաշվիլին շրջայց է կատարել ողջ Վրաստանի տարածքով, որտեղ կառուցվում են 20-տեղանոց հիվանդանոցներ ու օդանավակայաններ: Ըստ Ջավելիձեի, այդ ամենը նախապատրաստական աշխատանք է Պարսից ծոցում կայանալիք պատերազմին, որը պատրաստվում են սկսել ԱՄՆ-ն ու Իրանը:

«Պարսից ծոցում մեծ պատերազմ կսկսվի Ամերիկայի ու Իրանի միջև, և 5 միլիարդ է հատկացվել այդ 20-տեղանոց ռազմական հոսպիտալների կառուցման համար: Հիմնականում, դրանք կառուցվում են ամերիկյան միջոցներով»,-ասել է նա:

Ինչպես ասել է հասարակական գործիչը, այդ ամենը կապված է ամերիկյան ռազմակայանների տեղակայման հետ. «Լազիկան կլինի ամերիկյան ռազմական ավան, իսկ Մառնեուլում արդեն կառուցվել է գաղտնի օդանավակայան»:

«Եթե Իրանի հետ ռազմական բախման արդյունքում Թեհրանը հրթիռակոծի ամերիկյան ռազմական օբյեկտները, այդ դեպքում ո՞վ կպաշտպանի մեր երկիրը»,-հարց է տալիս ընդդիմադիրը:

Վրաստանում հոսպիտալային հատվածի զարգացման շրջանակներում ապահովագրական բժշկական ընկերությունները երկրի շրջաններում կառուցում են 150 նոր հիվանդանոցներ: 2011թ. դեկտեմբերին Վրաստանի մի շարք շրջկենտրոններում բացվել են շուրջ 30 նոր հիվանդանոցներ ու բժշկական կենտրոններ: