«ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոն»-ը հայտարարում է «Բրենդ այգի» նախագծի մեկնարկի մասին: Կենտրոնը մշակել է «Բրենդ այգի» նախագիծը, որով նախատեսվում է Երևանում այգի հիմնել, որտեղ հայրենական և արտասահամանյան ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ապրանքանիշը:
«Բրենդ այգում» կազմակերպությանը տրամադրվելու է 1.5×1.5 մ տարածություն, որտեղ տեղադրվում է ընկերության եռաչափ լոգո-խորհրդանիշը: Ըստ կենտրոնի, այն հնարավորություն է տալիս ինքնատիպ և արդյունավետ ձևով ներկայանալ տեղացի և արտասահմանից Հայաստան ժամանող տուրիստներին: Կազմակերպիչները հույս ունեն, որ «Բրենդ այգին» լինելով յուրօրինակ «EXPO բաց երկնքի տակ», կարող է դառնալ հետաքրքիր և հաճելի ժամանցի վայր, ինչպիսին` կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն, չկա աշխարհում:
Կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այգու տեղի համար մի քանի տարբերակներ կային, և ամենահարմար տարբերակն է Դալմայի այգիները, ավելի կոնկրետ «Հրազդան» մարզադաշտից ոչ հեռու կառուցվող համալիրի հարևանությամբ: Կիրակոսյանը այգու ստեղծման կոնկրետ ժամկետներ չնշեց, սակայն ասաց, որ այգու մակետն, ամենայն հավանականությամբ, հանրությանը կներկայացվի այս տարի:
Նախագիծն իրագործելու համար «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնն» արդեն նախաձեռնել է որոշ քայլեր: Ծրագրի մասին տեղեկացվել են մի շարք պետական մարմիններ, գործարարներ, շահագրգիռ անձիք ու կազմակերպություններ:
«Բրենդ այգի» նախագծի կյանքի կոչման համար կենտրոնը պատրաստ է քննարկել կազմակերպությունների, անհատների, և ԶԼՄ-ների կողմից համագործակցության ցանկացած առաջարկ:





