AM
10 Հունվար 2012 - 12:59 AMT

Չինաստանը սխալ է համարում ԱՄՆ կողմից իրանական նավթի վերաբերյալ պատժամիջոցների ընդունումը

Չինաստանը մերժել է իրանական նավթի վերաբերյալ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների կիրառումը, և հայտարարել, որ դա ոչ մի կերպ կապված չէ Թեհրանի ատոմային ծրագրի հետ: Ինչպես հաղորդել է «Ֆարս» գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳ փոխնախարարը: Նա հայտարարել է նաև, որ պաշտոնական Պեկինը դեմ է, ըստ էության իրարից լիովին տարբերվող երկու թեմաների փոխկապակցմանը. «Ոչ մի կապ չկա Իրանի միջուկային ծրագրի և առևտրի միջև: Չինաստանի կառավարությունը աջակցում է միջուկային զենքի չտարածմանը: Սակայն մենք նաև համարում ենք, որ Իրանն իրավունք ունի օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով»:

Այս հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարը այցով գտնվում էր Չինաստանում:

«Bloomberg» լրատվական կայքը գրում է, որ այս այցը կատարվել է համոզելու համար Չինաստանի կառավարությանը դադարեցնել նավթի ներկրումը Իրանից: Չինաստանը հանդիսանում է իրանական նավթի հիմնական ներկրողը: