AM
16 Հունվար 2012 - 05:38 AMT

Քաթարն առաջարկում է արաբական պետությունների զորքերն ուղարկել Սիրիա

Քաթարի էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանին հայտարարել է, որ անհրաժեշտ է Սիրիա ուղղորդել արաբական պետությունների զորքեր՝ դադարեցնելու համար այնտեղ տիրող արյունահեղությունը: Այդ մասին նա ասել է ամերիկյան Սի-բի-էս հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում: Սա արաբական պետության ղեկավարի նմանատիպ առաջին հայտարարությունն է:

Քաթարն ակտիվ մասնակցություն է ունեցել լիբիական ուժերի` Մուամար Քադդաֆիի ռեժիմի դեմ պայքարին: Սիրիայում արդեն մոտ 10 ամիս է չեն դադարում հակակառավարական բողոքները և ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները, որոնց արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 5 հազար մարդ:

Սիրիայում աշխատում է ԱՊԼ դիտորդների խումբը: Ավելի վաղ այս խմբի անդամ Անվար Մալեքը իր գործընկերների` այդ երկրում մնալն անվանել է «կեղծիք», իսկ Սիրիայում տիրող իրավիճակը բնութագրել է որպես «մարդասիրական աղետ»: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մալեքն ասել է, որ դուրս է եկել դիտորդների խմբից այն պատճառով, որ իրեն վիճակվել է Սիրիայում տեսնել, ըստ նրա, ռազմական հանցագործությունների բացահայտ հետքեր: Մալեքը պնդում է, որ կառավարությունը նախապատրաստել է բազմաթիվ վկայություններ, որոնք ներկայացվել են դիտորդների ուշադրությանը, որպեսզի կանխվեն ԱՊԼ կողմից հնարավոր պատժամիջոցները:

Դիտորդների առջև կանգնած է Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրերի իրականացման մոնիթորինգի խնդիրը: Երեքշաբթի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տեղեկացվել է այն մասին, որ սկսած այն պահից, ինչ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՊԼ առաքելությանը թույլատրվել է մտնել Սիրիա, երկրում զոհվել է մոտավորապես 400 մարդ, այսինքն` օրական գրեթե 40 հոգի սպանված, հայտնում է BBC-ին: