AM
18 Հունվար 2012 - 05:13 AMT

Հոգեբան. Հետտոնական սթրեսերը չեն կարող ինքնասպանության դրդել

Արդյո՞ք հետտոնական սթրեսը կարող է մարդուն դրդել ինքնասպանության: Հոգեբան Կարինե Նալչաջյանի համոզմամբ` ոչ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հոգեբանը նշեց, որ երևույթն, իհարկե, գոյություն ունի, սակայն այն շատ թույլ է ու աննշան:

«Հետտոնական սթրեսերն այդքան խորը ազդեցություն ունենալ չեն կարող: Մարդիկ առօրեայում շատ ավելի ուժեղ սթրեսերի հետ են բախվում: Եվ երբեք չգիտես, թե որ հերթական սթրեսը կարող է լինել որոշիչ, որ կդրդի մարդուն նման քայլի գնալ»,- ասաց հոգեբանը:

Անդրադառնալով այն տարածված կարծիքին, թե տոների համար արված հավելյալ պարտքերի բեռն է մարդկանց դրդում ինքնասպանության, բանախոսը նշեց. «Դա շատ անհատական է և արդեն այլ հարց է: Եթե շատ պարտքեր են կուտակել, դա արդեն այլ հարթության մեջ է: Իսկ բուն հետտոնական սթրեսն ինքնին այդքան ուժ չունի»:

Ինչ վերաբերում է անգլիացի գիտնականների այն հայտարարությանը, թե այս տարի տարվա ամենասթրեսայինն օրը հունվարի 16-ն է, ապա, ըստ Կարինե Նալչաջյանին, դա հայերին չի վերաբերում. «Մեզ մոտ տոնական տրամադրությունը պահպանվում է առավելագույնը մինչև հունվարի 13-ը: Դրանից հետո սկսվում է նորմալ առօրեա կյանքը: Գուցե դա ինչ-որ մշակութային առանձնահատկությունների խնդիր է, և իրենց համար օրն իրոք սթրեսային է»: