ԱՄՆ-ն պատրաստ է «թղթի վրա ամրագրել», որ ԱՄՆ և ՆԱՏՕ ՀՀՊ համակարգը չի կարող վտանգ ներկայացնել ՌԴ միջուկային զսպման ռազմավարական ուժերի համար: Այդ մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն, այդուհանդերձ, չի կարողանա այդ հարցում իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ ներկայացնել Ռուսաստանին: «Նախագահ (Բարաք) Օբաման բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ը հաստատակամ է Ռուսաստանի հետ ՀՀՊ ոլորտում համագործակցությանը փոխընդունելի մոտեցում գտնելու մտադրության հարցում: Մենք ենթադրում ենք, որ նման համագործակցությունն ընդունակ է ամրապնդել ԱՄՆ, Եվրոպայում մեր դաշնակիցների և Ռուսաստանի անվտանգությունը: Նախագահ Օբաման նաև հասկացրել է, որ մենք չենք կարողանա սահմանափակել ԱՄՆ և ՆԱՏՕ ՀՀՊ համակարգն իրավաբանորեն պարտավորեցնող շրջանակներով: Սակայն նա բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ և ՆԱՏՕ ջանքերը ՀՀՊ ոլորտում ուղղված չեն և չեն կարող սպառնալիք ներկայացնել ՌԴ միջուկային զսպման ռազմավարական ուժերի համար: Եվ մենք պատրաստ ենք դա ամրագրել թղթի վրա»,- հայտնել է ամերիկյան դիվանագետը:
Հարկ է նշել, որ Ռուսաստանը, որը մտահոգված է Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ օբյեկտների տեղակայման ծրագրերով, պնդում է ԱՄՆ կողմից նման պարտավորությունների իրավաբանական ամրագրման հարցում: Մոսկվան գտնում է, որ ՀՀՊ համակարգը վերջնական արդյունքում սպառնալու է ռուսական բալիստիկ հրթիռներին:
Մինչդեռ Վաշինգտոնը պնդում է, որ հակահրթիռային համակարգն ուղղված է Ասիայի և Մերձավոր Արևելքի պետությունների դեմ, իսկ դրանց ոչ մեծ հզորությունն ընդունակ չէ որևէ կերպ սահմանափակել ռուսական միջուկային ներուժը:





