Իտալական դատախազությունը պնդում է, որ «Կոստա Կոնկորդիա» զբոսաշրջային լայների նավապետ Ֆրանչեսկո Սկետտինոյի գործողություններն աղետի են հանգեցրել, ինչպես նաև մեղադրում է նրան նախքան ուղևորների տարհանման ավարտը նավը լքելու մեջ: Հրապարակվել է իտալական առափնյա հսկողության և նավապետի միջև ռադիոբանակցությունների վերծանումը, որից դատելով` նավապետը հրաժարվել է ուղևորներին և անձնակազմը փրկելու գործողությունների համակարգման համար վերադառնալ խորտակվող նավը:
Իտալական «Կոստա Կոնկորդիայի» նավաբեկության զոհերի թիվը երեքշաբթի օրը հասել է 11-ի. հայտնաբերվել են ևս հինգ ուղևորների մարմիններ: 24 մարդ շարունակում է անհետ կորած համարվել: Հունվարի 13-ի երեկոյան նավը Տիրենյան ծովի Ջիլիո կղզու մոտ բախվել է ստորջրյա խութին և ծանծաղուտում հայտնվել: Շուտով նավը թեքվել է և կիսով չափ խորտակվել: Նավի վրա ավելի քան չորս հազար մարդ էր գտնվում` անձնակազմը ներառյալ:





