AM
18 Հունվար 2012 - 10:53 AMT

Թուրքիային կարող են հեռացնե՞լ ՆԱՏՕ-ից

ԱՄՆ FoxNews հեռուստաալիքի եթերում տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ ԱՄՆ Տեխասի նահանգի նահանգապետ Ռիկ Փերին, անդրադառնալով ԱՄՆ-ի ու Թուրքիայի համագործակցությանը, մտահոգություն է հայտնել մի երկրի հետ համագործակցությամբ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները և որը ղեկավարում է մի մարդ, «որին շատերը կանվանեն ահաբեկիչ-իսլամիստ»:

«Կարծում եմ, ժամանակն է վերանայել ոչ միայն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, այլ նաև կրճատել նրա ֆինանսավորումը»,-ասել է Փերին:

«Արդյո՞ք Թուրքիան խնդիրներ ունի ժողովրդավարության ոլորտում: Այո»,-նշել է բանավեճի մյուս մասնակից, թուրքական հետազոտական ծրագրի տնօրեն Սոներ Կագապտայը:

Մեկնաբանելով նահանգապետի հայտարարությունը՝ Փերիի նախընտրական արշավի մամլո քարտուղար Ռեյ Սալիվանը նշել է, որ նա նկատի ուներ իսլամիստական ազդեցության աճը Թուրքիայում: «Թուրքիան կարող է դաշնակից լինել, սակայն մենք կարող ենք նամակ գրել թուրք իշխանություններին՝ կոչ անելով նրանց դադարեցնել բռնությունը երկրի ներսում ու համագործակցությունը ծայրահեղական իսլամիստների հետ, քանի որ դա անհամատեղելի է անդամակացությանը ՆԱՏՕ-ին»,-ասել նա:

Մինչդեռ, թուրքական ԱԳՆ-ն Փերիի հայտարարություններն անվանել է «անտեղի և չհիմնավորված»: