Հունվարի 18-ին ժամը 00.30-ին ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Երևանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1963 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981 թ. ծնված Գարիկ Ն.-ի վարած «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում բախվել է առջևում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենայի, որի վարորդ Աշոտ Ա.-ն իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Աշոտ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:





