Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ:
Ինչպես հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, Բրայզան ԱՄՆ դեսպան նշանակվեց Ադրբեջանում 2010թ. դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ՝ շրջանցելով Սենատը, քանի որ Բրայզայի թեկնածությունը հակազդեցության հանդիպեց Սենատում:
Ըստ ԱՄՆ Սահմանադրության, նախագահի առաջարկած թեկնածությունները պետք է հաստատի Սենատը: Սակայն, երբ Կոնգրեսն արձակուրդում է, նախագահը կարող է կադրային փոփոխություններ կատարել միանձնյա:
Օբաման օգտվեց իր իրավունքից և հաստատեց Բրայզային Ադրբեջանում դեսպանի պաշտոնում: Նշանակվելով այդ կերպ, նման պաշտոնյան կարող է աշխատանքն ավարտել մինչ Սենատի հաջորդ նստաշրջանը՝ պաշտոնավարելով մոտ մեկ տարի, եթե լրացուցիչ չհաստատվի Սենատի կողմից:
Մինչ Ադրբեջանում դեսպանի պաշտոնը ստանձնելը, Բրայզան զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի պաշտոնը:





