Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Եկատերինա Տկեշելաշվիլին, սեպտեմբերին ՌԴ կողմից ծրագրված «Կովկաս-2012» զորավարժությունները համարում է «սադրիչ»:
ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Մակարովը 2011թ դեկտեմբերին Մոսկվայում ռազմական կցորդների հանդիպմանը հայտարարել է, որ 2012թ սեպտեմբերին ծրագրվում են «Կովկաս-2012» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ:
«Միանշանակ, նման վարժանքները սադրիչ են, հատկապես այն իրավիճակում, երբ Ռուսաստանն այն երկիրն է, որն օկուպացրել է մեր տարածքները»,-հայտարարել է Տկեշելաշվիլին, ընդգծելով, որ տարվում է նախապատրաստական ժամանակահատվածի մշտական մոնիտորինգ:
«Այդ քայլը դիտվում է քննադատաբար և որոշակի անհանգստությամբ ոչ միայն մեր կողմից, այլ նաև մեր գործընկերների: Իհարկե, նման գործողությունները անպատասխան չեն մնա, այդ թվում նաև միջազգային հանրության կողմից»,-ընդգծել է նախարարը:
Ծրագրված վարժանքներն արդեն քննադատվել են Վրաստանի ԱԳՆ կողմից: Նախարարության տվյալներով, դրանց կմասնակցեն ՌԴ ՊՆ զինված ուժերի բոլոր տեսակները, ինչպես նաև ՆԳՆ, ԴԱԾ, ԱԻՆ և այլ կառույցների ուժեր: Բացի այդ, ծրագրվում է կիրառել կապի և հետախուզության բոլոր հնարավորությունները` էլեկտրոնային, տիեզերական, անօդաչու թռչող սարքերի և այլն:
Ընդ որում, այս տարի դրանք անցկացվելու են ոչ միայն ՌԴ Հարավային ռազմական շրջանում, այլ նաև Հայաստանում, Աբխազիայում և Ցխինվալի շրջանում:





