AM
20 Հունվար 2012 - 05:28 AMT

Թուրքիայի արևելքում պայթեցրել են ոստիկանական ավտոբուս

Թուրքիայի արևելյան Հաքյարի նահանգում պայթեցրել են ոստիկանական ավտոբուս: Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում` քաղաքապետարանից 100 մետր հեռավորությամբ, երբ փողոցում ավտոբուսը հետևել է արագ արձագանքման ստորաբաժանում տեղափոխող միկրոավտոբուսին: Պայթուցիկ սարքը գտնվել է կայանված երկու ավտոմեքենաների միջև և գործարկվել է ոստիկանական ավտոբուսի մոտեցման պահին: Այդ մասին հայտարարել է Հաքյարիի քաղաքապետ Մուամմեր Թյուրքերը: Ըստ նրա, զոհվել է մեկ, վիրավորվել`քսան քաղաքացի:

ԱԻ դեպքի վայր ոստիկանական ստորաբաժանման ժամանումից հետո քաշքշուկ է առաջացել հավաքված ամբոխի և օրինապահ մարմինների միջև, հայտնում է NTV-ն: Հավաքվածներին և ոստիկանների վրա քարեր նետողներին ցրելու համար օդում նախազգուշական կրակահերթ է արձակվել, կիրառվել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:

Այն թաղամասը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, արգելափակվել է և սկսվել է հետաքննություն: Քաղաքում խստացվել են անվտանգության միջոցները, քաղաք մուտքն ու ելքը արգելվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեռևս Հաքյարիում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն իր վրա ոչ ոք չի վերցրել: Ոստիկանությունը հակված է նրան, որ բռնության ակցիան իրականացվել է քուրդ գրոհայինների կողմից: