AM
21 Հունվար 2012 - 07:52 AMT

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ զինված հակամարտության

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ զինված հակամարտության: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի հետ համատեղ մամլո ասուլիսի ավարտին:

Ըստ Քլինթոնի, ԱՄՆ-ն սերտորն համակարգում է իր գործողություններն ԵՄ հետ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում, սակայն նա կտրականապես հրաժարվել է նշել, թե ինչ է ակնկալում Թեհրանից միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ բանակցություններում:

Իր հերթին Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցների կիրառմանն այլընտրանք չունի: ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու հնարավորության մասին՝ որպես մի պատժամիջոց Իրանի հանդեպ, որը չի ցանկանում դադարեցնել սեփական միջուկային ծրագրի մշակումը:

Ի պատասխան դրան Իրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը, որով անցնում է մատակարարվող նավթի 40 տոկոսը, ինչը զգալիորեն սրել է իրադրությունը: