ԱՄՆ մտադիր է Ռուսաստանից բացատրություններ պահանջել Սիրիա մատակարարված 36 Յակ-130 ռուսական ինքնաթիռների մատակարարման համար: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Մենք արդեն ամիսներ շարունակ ասում ենք, որ մեր խորին համոզմամբ, յուրաքանչյուր երկիր, ով Սիրիային զենք է վաճառում, պետք է լավ մտածի, քանի որ պատմականորեն այն գտնվում է ոչ այն կողմում: Այդ զենքը կարող է և օգտագործվում է անմեղ մարդկանց դեմ»-հայտարարել է նա:
«Եթե լուրջ խոսենք, դա կարող է լուրջ անհանգստություն առաջացնել: Ներկայումս Մոսկվայում է գտնվում Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջերրի Ֆելտմանը… Կարծում եմ, նա կբարձրացնի մեր մտահոգության հարցը»,-հավելել է Նուլանդը:
Հունվարի 23-ին «Կոմերսանտ» պարբերականը, հղելով «Ռոսէկոնոմէքսպորտին» մոտ աղբյուրը, հայտնել է այն մասին, որ Մոսկվան և Դամասկոսը ստորագրել են նոր պայմանագիր` 36 Յակ-130 ուսումնա-ռազմական ինքնաթիռների մատակարարաման մասին: Աղբյուրի տվյալներով, պայմանագրի գումարը կազմել է մոտ 550 մլն դոլար:





