«Աղանդավորական խմբավորումների զենքը ինդոկտրինացիան է, այսինքն հավատալ գաղափարին, ապրել դրանով և երբեք չքննադատել այն: Նրանք զրկում են մարդկանց ցանկություն ունենալուց, ընտրության հնարավորությունից, մարդը կորցնում է իր անհատականությունը», – հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում աղանդավորական խմբերն ավելի ակտիվ գործում են սահմանամերձ շրջաններում և սոցիալապես խոցելի խավերի շրջանում: Նալչաջյանը գտնում է, որ հասարակությունը քայքայող այս երևույթի դեմ պետք է պայքարի ոչ միայն եկեղեցին, այլև՝ պետությունը. «Ավստրայում օրինակ, գրվել է ուսումնական ձեռնարկ, որը գրախոսել է հենց այդ երկրի կրթության նախարարը, և դպրոցներում պարտադիր անցնում են այդ գրքով և իմանում աղանդների քայքայիչ ներգործության մասին: Կարծում եմ, մենք էլ պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք, և այդ հոսանքներին չափի մեջ դնենք»:
Այն հարցին, թե արդյո՞ք աղանդը չի քայքայի նաև զինված ուժերը, հոգեբանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ աղանդը բանակում որակ կազմող պրոբլեմ չէ, բայց սա չի նշանակում, որ այսպիսի վտանգ չկա: Եթե երիտասարդ տղան պատրաստ չէ զենք վերցնելու և հույսը դնում է Աստծո վրա միայն, պարզ է, որ այդպիսի զինվորը չի պաշտպանելու մեր երկրի սահմանները»:





