AM
25 Հունվար 2012 - 07:52 AMT

ԵՊՀ-ում անցկացվում է ՀՀ բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված գիտաժողով

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում այսօր անցկացվում է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական գիտաժողով։ «Առանց հզոր բանակի, առանց ՀՀ Զինված ուժերի մենք չէինք կարող հասնել անկախության, չէինք կարող պահել այդ անկախությունը և չէինք կարող գոյատևել որպես անկախ պետություն» ,- գիտաժողովի բացման խոսքում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ չնայած դժվարություններին, մեր ժողովուրդը շարունակելու է կանգնել բանակի կողքին ու զորավիգ լինել նրան։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր այսպիսի տարեդարձ լավագույն պահն է հետադարձ հայացք ձգելու, անցածն իմաստավորելու ու դրա հիմքի վրա առաջ շարժվելու համար։ «Բանակը հստակ կանոնակարգված գործառույթներ իրականացնող կառույց է, և թվում է թե դժվար չէ 2 տասնամյակների ընթացքոմ ստեղծել գիտականորեն հիմնավորված այն հիմքն ու անկյունաքարերը, որոնց վրա կխարսխվեն ՀՀ պատմության ու զարգացման շրջագծում ԶՈՒ դերի ու նշանակության մասին ճշմարիտ ու անկողմնակալ ըմբռնումները։ Սակայն մինչ այժմ այս հարցերի պատասխանները որոնվել ու տրվել են զգացմունքային հարթությունում»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ այս գիտաժողովն առաջին լուրջ քայլերից մեկը կլինի բանակի դերի ըմբռնման ասպարեզում ավելի լայն հայացքներ ձևավորելու և զգացմունքայինից դեպի անկողմնակալ դիրքեր անցնելու հարցում։

Ազատամարտիկների ծնողների և բանակ-համալսարան կապի ամրապնդման գործում ակտիվություն ցուցաբերած դասախոսներն ու ուսանողները Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվեցին «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով։ Նախարարի կողմից առաջինը պարգևատրվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։