Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ ապագայում կրկին կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում: «Ես երբեք չեմ ասել, որ այլևս երբեք չեմ առաջադրվելու: Հիշեցնեմ, որ ընդամենը 46 տարեկան եմ: Դա դեռևս այնքան լուրջ տարիք չէ, որպեսզի հրաժարվեմ հետագա քաղաքական մարտերից: Բայց այս անգամ ես իսկապես որոշել եմ չառաջադրել իմ թեկնածությունը»,- հայտնել է նա ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:
Մեդվեդևը նաև ասել է ուսանողներին, որ իր առաջարկը Վլադիմիր Պուտինին` առաջադրվել նախագահի պաշտոնին 2012թ. մարտին կայանալիք ընտրություններում, կատարվել է քաղաքական նպատակահարմարության նկատառումներով: «Երկու հոգի, որոնք մեկ քաղաքական ուժ են ներկայացնում, չպետք է խանգարեն միմյանց… Պետք է շարժվի նա, ով ներկա պահին հաղթելու ավելի շատ հնարավորություններ ունի: Արդյոք դա այդպես է, թե ոչ, ցույց կտան ընտրությունները, որոնք տեղի կունենան մարտին»,- ընդգծել է Մեդվեդևը:





