Միքայել Պողոսյանի ու Նատալիա Բելյաուսկենեյի «Եթե բոլորը…» ֆիլմը գուցե արդեն մի քիչ «հնացած» ու մի քիչ էլ ոչ «արդիական» ազգերի բարեկամության մասին է։ Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիոսվ չափ ռուս Սաշան (Եկատերինա Շիկովա), ազատամարտիկի դուստր է, որի հայրը զոհվել է Ղարաբաղյան պատերազմում։ 20 երկար ու ձիգ տարիներ անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Իհարկե, դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին (Միքայել Պողոսյան, Վահագն Սիմոնյան) և եթե բոլորը միասին չլինեին։
Վաղուց այսքան գեղեցիկ ֆիլմ չէինք ունեցել։ Ինչի՞ մասին է այն. անշուշտ սիրո, ընկերության ու հայրենասիրության, թեև ոչ սիրահար զույգեր կան ֆիլմում, ոչ կռվի տեսարաններ, ոչ էլ բարձրագոչ ելույթներ հայրենասիրության մասին։ Համատարած կոմեդիաներից և դժբախտ ու դժգույն «կինոիկներից» հետո նկարահանվել է մի ֆիլմ, որը պատերազմի մասին է՝ առանց պատերազմի, սիրո մասին է՝ առանց սիրո։ Եթե այս ամենին գումարենք ռեժիսորական ու օպերատորական գրագետ աշխատանքը, իսկական, մաքուր կինոյին վայել կադրերը, երաժշտական համահունչ ձևավորումն ու դերասանական ճիշտ ընտրությունը, ապա կստանանք մի ֆիլմ, որը պետք է դիտենք բոլորս միասին։ Դիտենք, վերհիշենք, վերապրենք, փառաբանենք, ֆիլմի հերոսուհու նման ասենք «լոխ լյավ ա» և ամեն ինչ, իրոք, լավ կլինի։
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի շնորհանդեսը։ Մեծ էկրաններին «Եթե բոլորը…» հանդիսատեսի համար հասանելի կլինի հունվարի 27-ից։





