AM
30 Հունվար 2012 - 07:56 AMT

Հուշարձանագետ. Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առջև

Օրերս վրաց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու ազգային պատկանելիության առումով` նշելով, որ նախ պետք է այս հարցը ճշտել, հետո նոր անդրադառնալ եկեղեցին հայ համայնքին վերադարձնելու խնդրին: Այսօր եկեղեցու ազգային պատկանելիության խնդրի շուրջ խոսեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` ներկայացնելով պատմական փաստերն ու վրացական տեսակետը: «Եկեղեցու ճիշտ անվանաձևն է Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցի: Ամենայն հավանականությամբ հենց սրբի մասունքն է ամփոփված եղել այդ վայրում: Վրացական տեսակետը հետևյալն է, որ մինչև ներկայիս եկեղեցու կառուցումը տեղում եղել է վրաց ուղղափառ եկեղեցի: Սակայն ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը 1670 թվականին գրել է, որ Թբիլիսիում կան հայկական 8 եկեղեցիներ` այդ թվում Սուրբ Նշանը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1720 թվականին` հայկական հին եկեղեցու հիմքի վրա»,- մանրամասնեց հուշարձանագետը` նշելով, որ վերջին հրդեհի ժամանակ փլվել է գմբեթի կրող սյուներից մեկը, և այսօր եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առջև: Նա նշեց, որ վրացիները բերում են մեկ այլ փաստարկ, իբրև հայոց մեջ Նիկողայոս սրբի պաշտամունք չի եղել, սակայն պատմական Հայաստանի տարածքում բազմաթիվ եկեղեցիներ են եղել այս սրբի անունով. «Նշենք դրանցից մեկը. Դադիվանքի որմնանկարներում կան Նիկողայոս սրբի պատկերները»: Ներկայիս եկեղեցին գտնվում է քաղաքի ամենահին թաղամասերից մեկում: Այն եռանավ գմբեթավոր հորինվածքին պատկանող կառույց է: Եկեղեցու կառուցման արձանագրության մեջ նշվում է, որ այն կառուցվել է քաղաքապետի հովանավորությամբ: Հայտնի է, որ այդ ժամանակ Թբիլիսիի քաղաքապետները հայեր են եղել: Սուր Նշանը պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 2010 թվականին, սակայն, բանախոսի կարծիքով, այն երբևէ իբրև պատմական հուշարձան չի ընկալվել վրացիների կողմից: