AM
30 Հունվար 2012 - 12:12 AMT

Երևանի, Գյումրու և Վանաձորի երկաթուղային կայարանները կապահովվեն Wi-Fi ինտերնետային կապով

ՀԿԷ կայարանային համակարգի զարգացման ուղղությամբ մի շարք քայլեր կձեռնարկվեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումներր տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:

Մասնավորապես, Երևանի, Գյումրու և Վանաձորի երկաթուղային կայարանները կապահովվեն անլար Wi-Fi ինտերնետային կապով, կբացվեն առևտրի և սննդի օբյեկտներ, կկազմակերպվի տաքսի և ավտովարձույթի ծառայությունների մատուցումը:

«2012 թվականին մենք կկենտրոնանք կայարանային համակարգի արդյունավետ շահագործման հարցի վրա` աշխատելով պետական և մասնավոր հատվածների համագործակցության և գովազդային գործունեության զարգացման ուղղություններով»,- ասել է նա:

Նրա խոսքով` «Երևան» կայարանի շենքի ձախ հատվածը նախատեսվում է տրամադրել վարձակալության բանկային գործունեությունը ծավալելու նպատակով, իսկ աջ հատվածը կտրամադրվի իմիջ կենտրոնի բացման համար: Աջ հատվածում նաև նախատեսվում է անցկացնել տարբեր գեղեցկության և իմիջմեյքերների մրցույթներ: Բացի այդ, վարձակալության կհանձնվի նաև կայարանի ստորգետնյա անցումը, որստեղ բացվելու է նոր առևտրի կենտրոն:

Գյումրիի և Վանաձորի կայարաններում նախատեսվում է բացել երիտասարդական կենտրոններ, ինչպես հաև հարսանյաց սրահներ: Իսկ Վանաձորի կայարանում նախատեսվում է նաև տուրիստական և հյուրանոցային համալիրների զարգացումը: