«Յուրաքանչյուր սեփականատեր պետք է հասկանա, որ քաղաքի մաքրությունն ու զարգացումը սկսում է հենց իր հարակից տարածքից: Մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք, որպեսզի սահմանված ժամանակցույցով ավարտենք պայմանագրերի կնքման գործընթացն ու սկսենք բարեկարգման աշխատանքները»,- այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետին զեկուցվել է, որ տնտեսվարողների հետ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի օբյեկտների սեփականտերերի կողմից պարտադիր բարեկարգման վերաբերյալ կնքվել է ավելի քան 3600 պայմանագիր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացն ու գարնանն այդ կառույցներին ընդգրկել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներում:
Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականի հայտարարված մրցույթներում շահած, սակայն աշխատանքները չկատարած կամ թերի և անորակ կատարած կազմակերպությունների անվանացանկում տարբեր պատվիրատուների գնահատմամբ ընդգրկվել է 18 կազմակերպություն:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում գտնվող և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի, դրանց ճակատային հատվածների մաքրման ու ներկման աշխատանքների իրականացման նպատակով գույքագրված է թվով 250 շենք: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է կենտրոնական ու երկրորդական փողոցներում գտնվող նմանատիպ շենքերի ամբողջական ցանկը վերջնական տեսքի բերել և ներառել 2012 թվականի աշխատանքներում:





