AM
31 Հունվար 2012 - 09:07 AMT

Նոր կենսաթոշակային բազայի ներմուծման արդյունքում թոշակառուների ցուցակից կբացառվեն բոլոր «մեռյալ հոգիները»

Ընթացիկ տարում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար առաջնահերթ կլինեն երեք ուղղություններ՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի համար, օրենսդրական և տեխնիկատնտեսական հիմքերի ստեղծում միասնական ինտեգրված տեղեկատվական բազայի ներմուծման համար, ինչպես նաև երեխաների պաշտպանության վերաբերյալ ազգային ծրագրի մշակում: Այդ մասին հունվարի 31-ին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա նշել է, որ նոր կենսաթոշակային բազայի ներմուծման արդյունքում թոշակառուների ցուցակից բացառվելու են բոլոր «մեռյալ հոգիները»:

2012-ին Հայաստանում ստեղծվելու է սոցիալական աշխատողի ինստիտուտ, որը թույլ է տալու զգալիորեն բարձրացնել այս ոլորտում տրամադրվող ծառայությունների որակը: «Ինտեգրված ծառայությունների սպասարկման միասնական բազան գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքով»,- ասել է նախարարը: 2012-ին նախատեսվում է բացել շուրջ 15 նման կառույցներ ՀԲ ֆինանսավորմամբ:

Արթուր Գրիգորյանը հաղորդել է, որ նախարարությունը աշխատանք է կատարել մանկատներում գտնվող երեխաների սոցիալական դրությունն ուսումնասիրելու ուղղությամբ: Այդ աշխատանքների շրջանակներում 2011-ին «Զատիկ» մանկատունը դարձել է անտուն երեխաների աջակցության ցերեկային կենտրոն, որտեղ նրանք երեք ամիսների ընթացքում օգնություն են ստանում սոցիալական աշխատողի կողմից, ինչպես նաև աշխատանք է տարվում ծնողների հետ, իսկ դրան նպաստելու են օրենսդրությունում երեխաների որդեգրման գծով կատարված փոփոխությունները: «Այսպիսով մենք բարդացնում են մուտքը մանկատուն և հեշտացնում ելքը»,- ասել է նա:

Ինչպես հաղորդել է նախարարը, ենթադրվում է նաև օրենսդրական փոփոխություններ կատարել սահմանափակ հնարավորություններով մարդկանց աշխատունակությունը որոշելու համար, ինչը թույլ կտա նրանց ապահովել աշխատանքով: