AM
1 Փետրվար 2012 - 07:51 AMT

Եղիսաբեթ 2-րդը զրկել է Շոտլանդական բանկի նախկին գլխավոր տնօրենին ասպետի կոչումից

Royal Bank of Scotland-ի (RBS) նախկին գլխավոր տնօրեն Ֆրեդ Գուդվինը Եղիսաբեթ 2-րդ թագուհու որոշմամբ զրկվել է ասպետական կոչումից: Անունի հետ «սըր» կոչումը կրելու իրավունքը շնորհվել էր բանկիրին 2004-ին:

Հենց Գուդվիչն է համարվում աղետալի իրավիճակի գլխավոր մեղավորը, որը ստեղծվել էր 2007-ին Royal Bank of Scotland-ում: Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», այդ ժամանակ հոլանդական ABN Amro-ի հետ ձուլվելու ոչ շահավետ գործարքի արդյունքում կառավարությունը ստիպված է եղել 45 մլրդ եվրո օգնություն տրամադրել RBS-ին: Բանկի շուրջ ստեղծված իրավիճակը հետագայում հանգեցրել է ավելի ծանր հետևանքների:

«Royal Bank of Scotland-ի սնանկությունը կարևոր դեր խաղաց 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամի ընթացքում, որը Մեծ Բրիտանիայում հանգեցրեց ծանրագույն ռեցեսիայի և հարկատուների ու բիզնեսի կողմից զգալի ծախսերի»,- հայտարարել է բրիտանական կառավարության քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: «Բանկի ղեկավարի պաշտոնում նրա գործունեության մասշտաբը և հետևանքների լրջությունն այդ դեպքը բացառիկ են դարձրել»,- նշել է ներկայացուցիչը: