14 ամիս տևող Արման Մելիքյանի գործի դատավճիռը կայացվելու է փետրվարի 3-ին: Մելիքյանը մեղադրվում է սեռական շահագործման համար մարդկանց հավաքագրելու և շահագործելու հոդվածով, ինչպես նաև թմրամիջոցներ հյուրասիրելու համար նախատեսված քրեական հոդվածներով:
Մելիքյանի մայրը, «Իրավունքի ուժը և օրենքը» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Գոհար Գալստյանը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ իր որդին մեղավոր չէ, և որ այդ գործում խառնված են այլ մարդիկ: Նա նշեց, որ 2010 թ-ի նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնում հայտարարություն է ստացվել քաղաքացիներ Ինեսսա Խաչատրյանից և Նարե Հարությունյանից, որ իրենց ծանոթ Համլետ Դավթյանը համապատասխանաբար 7 և 3 տարի առաջ իրենց խաբեությամբ ներգրավել է մարմնավաճառության մեջ: Հայտարարության մեջ ի սկզբանե նշված չի եղել Արման Մելիքյանի անունը: Գալստյանը նշեց, որ Դավթյանը, ով Մելիքյանի հեռավոր բարեկամն է, առաջարկել է համատեղ բիզնեսով զբաղվել, իրար հետ մտերիմ են եղել: Ոստիկանություն բերման ենթարկելու պահին նրանք միասին լիցքաթափվում էին Երևանի ակումբներից մեկում: Մելիքյանին սխալմամբ բերման են ենթարկել բաժանմունք, կարծելով որ նա Դավթյանն է, սակայն ազատ չեն արձակել: Առ այսօր նա գտնվում է կալանքի տակ:
Հետագայում, Գալստյանի խոսքով, Ինեսսա Խաչատրյանը ցուցմունք է տվել, որ Մելիքյանը նրան տաքսիով ճանապարհել է «հաճախորդների» մոտ: Բացի դրանից, Գալստյանը նշեց, որ թերթում դեռ 2008 թ-ին աղջիկներ են հավաքագրվում համապատասխան աշխատանքի համար, որով և մարմնավաճառության է ներքաշվել Նարե Հարությունյանը, սակայն ոստիկանությունը չի ցանկանում ուսումնասիրել, թե ով է տվել այդ հայտարարությունը և ում հեռախոսահամարն է տեղադրված:
Ըստ Գալստյանի Համլետ Դավթյանի հանդեպ քրեական գործը կասեցվել է, որովհետև ասում են, որ 8 ամիս է ծանր առողջական վիճակում է գտնվում:
Համլետ Դավթյանը, ըստ Գալստյանի, գործարարի եղբոր որդի է և «Ջիու Ջիթսու» մարտարվեստի մարզիչ:





